«Լազարյան Դպրատուն» կենտրոնը կազմակերպում է հայոց լեզվի և հայ մշակույթի, ինչպես նաև մի շարք օտար լեզուների ինտենսիվ դասընթացներ միջազգային լավագույն փորձին և չափորոշիչներին համապատասխան:
Դպրատան առաջնային առաքելությունը օտարազգի ուսանողներին հայոց լեզվի ուսուցումն է և հայ մշակույթին ծանոթացումը: Նշված առաքելության շրջանակներում մենք էապես կարևորում ենք հետևյալ ուղղությունների շարունակական զարգացումը.
- հնդևվրոպական լեզվաընտանիքում ուրույն ճյուղ հանդիսացող ինքնատիպ և հարուստ հայոց լեզվի մատուցումը հետաքրքրվող այլազգի անհատներին,
- հայոց լեզվի տարածումը աշխարհով մեկ սփռված հայության մեջ` հնարավորություն տալով սփյուռքահայությանը սովորել հայերեն հայրենիքում,
- Հայաստան գործուղված օտարերկրյա մասնագետներին և գործարարներին ապահովել հայերենի/ռուսերենի համապատասխան իմացություն:
Մեր դասախոսները յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ, իսկ հարմարավետ լսարանները և բարյացակամ մթնոլորտը թույլ են տալիս ուսանողին` արագ ընտելանալու իրենց համար նոր երկրի անծանոթ միջավայրին: Դասընթացները վարում են փորձառու մանկավարժներ, որոնք ունեն և մեծ փորձ հայոց և ռուսաց լեզուները` որպես օտար լեզու ուսուցանելու գործում: Մանկավարժների ընտրության ժամանակ հաշվի է առնվել լեզվի ուսուցման գործընթացին ուսանողներին ներգրավելու և հետաքրքրելու նրանց ընդունակությունը:
Հայոց լեզվի դասընթացների ընթացքում օգտագործվում են մեր կենտրոնի լեզվաբանների կողմից մշակված հատուկ մեթոդական ձեռնարկներ: Բազմազան տեղեկատվական տեքստերով և մատչելի ու հետաքրքիր քերականական վարժություններով հարուստ դասագրքերը հիանալի հնարավորություն են ընձեռում սովորողին` ծանոթանալու բազմահարուստ լեզվին, Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
«Լազարյան Դպրատունը» տրամադրում է նաև գրավոր և բանավոր թարգմանական ծառայություններ ավելի քան 10 լեզուներով: Աշխատանքային գործունեության ընթացքում մեր պատվիրատուներին մատուցվել են թարգմանական ծառայություններ տարբեր ոլորտներում` ապահովելով թարգմանված նյութի բարձր որակ: